Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի հիշատակին

Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի հիշատակին

Վախճանվեց ականավոր սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանը:

 

Ռ.Պ. Ստամբոլցյանը ծնվել է 1922-ին Երևանում: Վաղ հասակից զրկվել է ծնողներից, ապրել է ազգականների մոտ:

 

1940 թ. ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական-պրոֆիլակտիկ ֆակուլտետը: Հայրենական պատերազմի հենց առաջին տարում` 1942 թվականին Ռ. Ստամբոլցյանն ընդհատում է ուսումը և կամավոր մեկնում գործող բանակ: Ծանր հիվանդության պատճառով նա զորացրվում է և շարունակում ուսումը: 1946 թ. ավարտում է ինստիտուտը և նշանակվում աշխատանքի Ռ. Ն. Գյանջեցյանի ղեկավարած հոսպիտալ թերապիայի ամբիոնում` որպես կլինիկական օրդինատոր:

 

1948 թվականին գործուղվել է Մոսկվա` Բոտկինի անվան կլինիկա, որտեղ Մ. Ս. Վովսիի ղեկավարությամբ Ս. Բ. Բրաունի մոտ մասնագիտացել է կլինիկական էլեկտրասրտագրության ուղղությամբ: Վերադառնալով Հայաստան` նա ձեռնամուխ է լինում հիմնադրելու առաջին էլեկտրասրտագրական լաբորատորիան և շատ կարճ ժամանակահատվածում պատրաստում է ավելի քան 100 մասնագետ` չափազանց կարևոր այդ բնագավառի համար: Լ. Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանական ինստիտուտի հիմնադրման տարիներին Ռ. Ստամբոլցյանը հասարակական հիմունքներով կազմակերպում է սրտաբան-մասնագետների պատրաստման ծառայություն` միաժամանակ զբաղվելով գիտական ակտիվ աշխատանքով:

 

Պրոֆեսոր Գյանջեցյանի թերապիայի դպրոցի ավանդույթների շարունակողն ու կատարելագործողը եղավ Ռ.Պ. Ստամբոլցյանը: Նրա վաղ շրջանի գիտական աշխատանքները վերաբերում են քնաբուժությանը: Նա մշակել է դեղորայքային քնի արդյունավետությունը բարձրացնող տարբերակիչ մեթոդ, ինչպես նաև ստեղծել է էլեկտրաքնի ինքնատիպ սարք` տեխնիկայի բնագավառի աշխատողների համագործակցությամբ: Այս թեմայով 1952 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1953 թ. պրոֆեսոր Գյանջեցյանի հետ համատեղ հրատարակում է «Խոցային հիվանդությունը քնով բուժելու մեթոդիկայի մասին» մենագրությունը: Ռ. Պ. Ստամբոլցյանի հետագա գիտական գործունեությունը վերաբերում է սրտաբանությանը:

 

1957 թ. առաջին անգամ մայրենի լեզվով լույս է տեսնում նրա «Օգնություն էլեկտրասրտագրություն ուսումնասիրողներին» ձեռնարկը, որը մեծ նշանակություն ունեցավ հայ բժիշկների համար` այս մեթոդին ծանոթացնելու գործում:

 

Սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման և բուժման համակողմանի ուսումնասիրություններին են նվիրված պրոֆ. Ստամբոլցյանի գիտական աշխատանքների ստվար մասը:

 

1962 թ. նա առաջինը իր սերնդակից բժիշկ-մասնագետների մեջ պաշտպանում է դոկտորական ատենախոսություն և հրատարակում «Կորոնար անբավարարության պաթոգենետիկ բուժման մասին» մենագրությունը, որտեղ առաջարկում է պսակային անբավարարության սեդատիվ բուժման ուրույն մեթոդը:

 

1965 թ. Ռ. Պ. Ստամբոլցյանն առաջարկում է էլեկտրասրտագրի քանակական վերլուծության իր ուրույն ինտեգրալ մեթոդը, որը նոր հնարավորություններ ու հեռանկարներ է ստեղծում սրտաբանության հետագա զարգացման համար:

 

Ակադեմիկոս Ստամբոլցյանի ջանքերով Երևանի տեխնոլոգիական միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտում կազմակերպվել է բժշկական էլեկտրոնիկայի բաժին, որտեղ ստեղծվել են սրտի գործունեությանը հետևող նոր սարքեր ու համակարգեր:

 

Պրոֆ. Ռ. Ստամբոլցյանի` «Կլինիկական էլեկտրասրտագրություն» դասագիրքը (1978 թ., հայերեն) 1980 թ. արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի: Նրան շնորհվել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

 

Գիտամանկավարժական գործունեությանը զուգընթաց` ակադեմիկոս Ռ. Ստամբոլյանը նաև գիտության կազմակերպիչ էր. 1966-68 թթ. նա նշանակվում է Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր, ում եռանդուն ջանքերով իրականացվում է ինստիտուտի երկու մասնաշենքերի շինարարությունը, ինչի շնորհիվ ինստիտուտի շենքային հնարավորությունները մեծանում են:

 

1970 թ. Ռ. Ստամբոլցյանը հիմնադրում է ներքին հիվանդությունների սուբօրդինատորների նոր ամբիոնը, իսկ 1980 թ. այն վերակազմավորվում է որպես ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոն: Նրա հետևողական և նպատակասլաց աշխատանքի շնորհիվ նորակառույց Հանրապետական հիվանդանոցում ստեղծվում է հանրապետությունում առաջին մասնագիտացված սրտաբանական կլինիկան` սրտամկանի ինֆարկտի ինտենսիվ հսկողության բաժանմունքով:

 

1971 թ. Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանն ընտրվում է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1994 թ.` ակադեմիկոս: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են քսանհինգ թեկնածուական և երկու դոկտորական ատենախոսություններ: Նա երեք մենագրության և չորս դասագրքի, 200-ի հասնող գիտական հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են հայրենիքում և արտերկրներում` տարբեր լեզուներով: Ռաֆայել Ստամբոլցյանը նաև ութ գյուտի հեղինակ է:

 

Նրա վաստակն ու ծառայությունները գնահատվել են շքանշաններով, մեդալներով և պատվոգրերով:

 

Ակադեմիկոս Ռաֆայել Ստամբոլցյանի պայծառ հիշատակը միշտ կմնա նրա գործընկերների և սաների սրտերում:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ